«Այբ» դպրոց

 

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ եւ փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է` ձեւավորել ուսյալ, առաքինի, պատկանելության եւ պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ:

«Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա` դասավանդման ու ուսումնառության լավագույն տեխնոլոգիաների, մեթոդաբանության ու փորձառության մշակման եւ կրթական համակարգերի ստեղծման համար: Այդ տեխնոլոգիաները, մեթոդներն ու համակարգերն այնուհետեւ տարածվում են երկրի ամբողջ կրթական համակարգի վրա՝ նպաստելով հայկական կրթության մրցունակության բարձրացմանը:

«Այբ» դպրոցը («Այբ» կրթական հանգույց) «Այբ» հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է: Այն Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որի յուրաքանչյուր տարր կրում է կրթության հետ կապված բովանդակություն և նպաստում ուսյալ, մրցունակ, առաքինի սերնդի ձևավորմանը: «Այբ» կրթական հանգույցը կրթվող համայնքի միջավայր է, ուր խաչաձևվում են մանկավարժությունը, գիտությունը, արվեստը, գործարարությունը և հասարակական կյանքի այլ ոլորտներ: Մենք ձգտում ենք իրական կապ ստեղծել կյանքի զարգացման առաջատար ուղղությունների ու կրթության միջև և ուսումնառության գործընթացը չսահմանափակել սոսկ գիտելիքների փոխանցմամբ:

«Այբ» կրթական հանգույցի ճարտարապետական յուրօրինակ լուծումները հայ ճարտարապետների և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու Հարվարդի համալսարանի առաջատար մասնագետների ու գիտնականների համատեղ աշխատանքի պտուղ են: Ճարտարապետական նախագծում հաշվի են առնվել դպրոցաշինության արդի զարգացումները և համաշխարհային փորձառությունը: «Այբ» հանգույցը յուրատեսակ փոքրիկ ավան է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, ֆաբլաբ, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ և այլն: Այն զբաղեցնում է 6,95 հա հողատարածք Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Թբիլիսյան խճ. 11/11 հասցեով: Հանգույցը նախատեսված է 800 աշակերտի համար և ունի եռաստիճան համակարգ՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ:

 «Այբ» կրթական հանգույցի առանցքային բաղադրիչը դպրոցն է: Դպրոցը մենք դիտում ենք որպես ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ փոխանցող հաստատություն, այլ առավել լայն՝ գոյաբանական համատեքստի մեջ: Դպրոցը հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացությունն է: Դպրոցում է ձևավորվում մարդը՝ որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցություն կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է:

Այսօր գործում են «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցները (8300 քմ ընդհանուր մակերեսով)՝ հագեցած ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով ու լաբորատորիաներով, ուսումնառությանը տրամադրող գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմաններով: «Այբ» կրթական հանգույցը մոտակա մի քանի տարիներին զարգանալու է նոր բաղադրիչների կառուցմամբ և գործարկմամբ: Արդեն հաստատված են ամբողջ կրթական ավանի ճարտարապետական նախագիծն ու գլխավոր հատակագիծը՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հեղինակությամբ։ 2017 թվականին բացվեց նոր՝ Գ մասնաշենքը:

Դպրոցին կից բացվել է ֆաբլաբ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արհեստանոց-լաբորատորիա, որտեղ աշակերտները տեսականը կիրառում են գործնականորեն: Շարունակվում է ավանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու և համայնքային կենտրոնի շինարարությունը: Հաջորդ փուլով մեկնարկելու է նոր ավագ դպրոցի (մոտ 10.000 քմ մակերեսով) կառուցման ծրագիրը, որն ունենալու է ավելի հզոր կրթական, գիտական, սպորտային պայմաններ ու հնարավորություններ: Ապա գալու է նոր տարրական դպրոցի (մոտ 6000 քմ մակերեսով) շինարարության հերթը: Իսկ այսօրվա մասնաշենքերը ապագայում ծառայելու են միջին դպրոցին: Զուգահեռաբար ամբողջացվում և լրամշակվում է գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն-թանգարանի ծրագրի հայեցակարգը, ընթանում են բանակցություններ հովանավորների հետ:

«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» դպրոցը կարգավիճակով հիմնադրամ է (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) եւ հասարակական կառույց: Դպրոցը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, չունի սեփականատերեր ու բաժնետերեր: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, եւ աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում):
 

Tweets by AybSchool